ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հանցավոր անտարբերություն. Վան Խաչատուրի կտակը կորսման եզրին է

Հանցավոր անտարբերություն. Վան Խաչատուրի կտակը կորսման եզրին է
03.06.2025 | 12:40

Արվեստագետ, որի գործը հաճախ խոսել է բարձրաձայն, երբ մարդիկ լռել են։

1991 թ․ Վան Խաչատուրն իր ստեղծագործական ժառանգությունից 2600 աշխատանք՝ գեղանկարչական կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչության նմուշներ, գրաֆիկական գործեր, իրավաբանորեն ձևակերպում է որպես նվեր հայ ժողովրդին՝ պայմանով, որ ստեղծվի հայ ժամանակակից մոնումենտալ նկարչության հիմնադրի թանգարան՝ այդ գործերի ցուցադրման և պահպանման համար։

Կտակով վերահաստատում է իր նվիրատվությունը՝ պայմանով, որ իր մահից (կտակը բացելուց հետո, որը լրանում է այս տարվա դեկտեմբերի 7-ին) հետո 5 տարվա ընթացքում կստեղծվի վերոնշյալ թանգարանը, հակառակ դեպքում ողջ ժառանգությունը կանցնի կնոջը և որդուն:

Հայ ժամանակակից մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիր և առաջինն ավանգարդիստական ու աբստրակցիոնիստական աշխատանքների հեղինակ Վան Խաչատուրի անունը հնարավոր է ծանոթ չէ լայն հանրությանը, մինչդեռ նրա մոնումենտալ ստեղծագործությունների շարքն անկասկած հայտնի է շատերին։ Ինչպե՞ս է ստացվում, որ տաղանդաշատ այս արվեստագետին, որի ստեղծարար գործունեությունների սոսկ թվարկումն այնքան մեծ է, որ դժվար է ամեն ինչ հիշատակել և որևէ բան չմոռանալ, հայրենակիցները գրեթե չեն ճանաչում։ Մինչդեռ նա ընդգրկված է աշխարհի տարբեր միջազգային հանրագիտարաններում և բառարաններում, որտեղ տեղ են գտնում պատմության համար աշխարհի ամենակարկառուն այնպիսի անձանց անուններ, որոնց գործունեությունը համարվում է առաջադեմ ազգային և համաշխարհային ասպարեզներում։

«Քեմբրիջի Միջազգային կենսագրական ինստիտուտի» կողմից (IBC) հրատարակվող «21-րդ դարի մեծ մտածողների բառարանում» («Great Minds of the 21st Century» American Biographical Institute) նա ընդգրկված է «XXI դարի աշխարհի 2000 ինտելեկտուալների»

մեջ (5․09․2003 թ.), որից ընտրվել է մոտ 200 լավագույնների շարքում (Օքսֆորդի Անգլիական հանրագիտարանի «Կապույտ գրքում» 09․01․2004թ․), հետո մտցվել «Կարճ ցուցակի» մեջ (06․02․2004թ․), որը տպագրվելու է բոլոր հրատարակություններում՝ սկսած 2003թ․-ից՝ առաջին էջում՝ որպես IBC-ի պատմության մեջ նախադեպ չունեցող համաշխարհային ճանաչում ստացած մարդկանց։

Նա ընդգրկված է նաև «Աշխարհի բոլոր ժամանակների և ժողովուրդների նկարիչների ընդհանուր հանրագիտարանում» (Գերմանիա), Հայաստանում հրատարակվող «Հայկական համառոտ հանրագիտարանի» 4-րդ հատորում և այլն։

Աշխարհը Վան Խաչատուրին պարգևատրել է ավելի քան 40 պարգևներով․ Անգլիայից ստացել է «Համաշխարհային ճանաչման թերթիկ» և «Աշխարհի 100 մեծագույն մտածողները» սերտիֆիկատ, «Միջազգային պատվո մեդալ», «Դիպլոմ», Քեմբրիջի Համաշխարհային կենսագրական կենտրոնից՝ «Ցմահ պարգևատրում լավագույն առաջընթացի համար» և IBC-ի Միջազգային հանրաճանաչման օրդեն և այլն։ Ամերիկայից ստացել է «Ոսկե մեդալ» և «Աշխարհի մասշտաբով ամենահարգալից պրոֆեսիոնալների» սերտիֆիկատ, հետո՝ «2004, 2005, 2006 տարվա Մարդ» և «2005 տարվա նվաճումների Մարդ», դրանց թվում՝ 4 մեդալ, «2005 թ․ աշխարհի մրցանակ», 2 դիպլոմ։ Մոսկվայից՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության «Պատվոգիր» և «Դիպլոմ» («Ճայ» շինության համար)։

1985 թ․ ստացել է արտոնագիր Մոսկվայի գյուտարարների և հայտնագործությունների կոմիտեից՝ աշխարհում նոր շինարարական եղանակ ստեղծելու համար։

2011 թվականին Վան Խաչատուրն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի՝ արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: Այս շարքը կարելի է շարունակել ու շարունակել․․․

Պեˊտք է շարունակել, որպեսզի մենք, մեր սերունդները ճանաչենք ու արժևորենք մեր հանճարներին, մեր ազգին կենսական լիցք ու հավիտենականություն պարգևողներին։

Ճանաչենք նրան նրա իսկ շուրթերով․․․

Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ, գիտնական, փիլիսոփա, արվեստագիտության թեկնածու, ճարտարապետության դոկտոր, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատուրյան) ծնվել է 1926 թ․ օգոստոսի 19, Բաքվում։

«Հայրս բնիկ Էջմիածնեցի էր, մայրս՝ իգդիրեցի։ 1918 թ․ ջարդից փրկվելով՝ մեծ քրոջ ընտանիքի հետ միասին մայրս փախչում է Իգդիրից և հասնում Բաքու, որտեղ քրոջ ամուսինն աշխատում էր Մանթաշովի գործարաններում։ Իսկ հայրիկիս Էջմիածնից տանում են Առաջին համաշխարհային պատերազմ, որտեղ ծանր վիրավորվելով՝ մի կերպ հասնում է Բաքու։ Ահա այս ազնվաբարո մարդիկ ճակատագրի բերումով օտարության մեջ մի օր հանդիպում և ամուսնանում են։ Մի փոքրիկ կոշկակարի կրպակ են վարձում, որտեղ էլ ծնվում եմ ես։ Ինձ ինչ հիշում եմ, նկարում էի․․․

Մի քանի տարի անց՝ պատերազմի տարիներին, մորս և եղբորս հետ մի քանի տարով տեղափոխվում ենք Հայաստան, իսկ հայրս ստիպված մնում է Բաքվում․ նրան տանում են ռազմականացված պահակախումբ։ Բաքվում էլ, Երևանում էլ Գեղարվեստի ուսումնարաններ էի ընդունվում, բայց ստիպված էի լինում ուսումս կիսատ թողնել․ աշխատե՜լ էր պետք, ի՜նչ ասես՝ չեմ արել»։

Միայն 1948 թ․ գերազանց ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը՝ նույն թվին մեկնում է Լենինգրադ և ընդունվում Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիան (1948-1951 թթ․)։ 3 տարի սովորելուց հետո թոքերի հիվանդության պատճառով ստիպված է լինում վերադառնալ Երևան՝ ուսումը շարունակելով և 1954 թ․ գերազանց ավարտելով Երևանի թատերա-գեղարվեստական ինստիտուտը (1951-1954 թթ․)։

«Փառք զոհված հերոսներին» եռանկար դիպլոմային աշխատանքի որոշ մասը թաց (բուոն) որմնանկարի տեխնիկայով կատարելու համար Երևանում հնացված կիր չգտնելով՝ սեփական նախաձեռնությամբ մեկնում է Լենինգրադ՝ տեղի Մուխինի անվ․ Բարձրագույն գեղարվեստաթատերական ուսումնարանում այն կատարելու համար։ Այնտեղ ստեղծում է որմնանկարը (9 կտորից 200x130սմ) և նույն թեմայով խճանկար (75x57)։ ՈՒսումնարանի ղեկավարությունը նրան համոզում էր որմնանկարը թողնել ուսումնարանի թանգարանին, որովհետև իրենց թանգարանում այդ տեխնիկայով կատարված և ոչ մի աշխատանք չկար (այս տեխնիկայով աշխատել է միայն Միքելանջելոն)․ նրանց ապշեցնում էին բազմաֆիգուր կոմպոզիցիայի ինչպես կատարման պրոֆեսիոնալիզմը, այնպես էլ չափսերը: ՈՒսումնարանի ղեկավարությունը նրան վստահեցնում էր, որ իրենց ուսումնարանն ունի նույնպիսի կարգավիճակ, ինչպիսին որ Երևանի թատերա-գեղարվեստական ինստիտուտը, և նրանք կտան փաստաթուղթ այն մասին, որ դիպլոմային աշխատանքն արժանացել է «գերազանց» գնահատականի։

Միևնույն ժամանակ զգուշացնում էր, որ փայտյա հիմքի վրա կատարված 200 կգ կշիռ ունեցող որմնանկարը բեռնատար գնացքով տեղափոխելիս կփշրվի։ Սակայն Վան Խաչատուրը պնդում է, որ այն Հայաստան պետք է բերի․ «չէ՞ որ Երևան էի գալիս, որ դառնայի ոչ ավելի, ոչ պակաս հայկական ժամանակակից մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրը»։

Որմնանկարն առանց որևէ քերծվածքի հասցնում է Հայաստան, որը տեղադրում են Նկարիչների միության բիլիարդի սենյակում։ Միության շենքը (այդ ժամանակ գտնվում էր երևանյան մզկիթի շենքում) քանդելիս (տեղը նորը կառուցելու համար) Վան Խաչատուրն ամեն կերպ փորձում է որմնանկարը տեղադրել քաղաքի մի որևէ պատի մեջ, սակայն չի հաջողվում։

Ստիպված այն տեղափոխում է Սայաթ-Նովա փողոցում գտնվող նկարիչների բնակելի շենքի մուտքերից մեկը, որտեղ, տուն չունենալու պատճառով, գիշերում էր պահակի նստարանի վրա։ Որոշ ժամանակ անց (1956 թ․) որմնանկարն անհետանում է (լուսանկարները պահպանվել են)։ Պահակի ասելով՝ 4 հոգի, որոնցից երկուսը՝ քանդակագործ, մեկը՝ նկարիչ (անունները նշում է) գիշերով մետաղաձողերով ջարդում են որմնանկարը, իսկ մնացորդները տանում աղբատար մեքենայով։

Այս ամենը զարմանալի չէ․ չէ՞ որ մարքս-լենինյան ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությունը կրող բոլշևիկների օրոք արվեստում թույլատրելի էր միայն մեկ՝ «սոցռեալիզմի» ուղղությունը։ Մյուս բոլոր ուղղությունները, մասնավորապես՝ ազգային, հայտարարված էին «խորհրդային ժողովրդի» համար վտանգավոր, հետևաբար «անհնազանդ» արվեստագետներն ու նրանց ստեղծագործությունները պարզապես «ոչնչացվում էին»։

Այսպես ոչնչացվում է երևանյան միակ բուոն-որմնանկարը ․․․

Փիրուզա

Դիպլոմային մյուս երկու աշխատանքները՝ «Փառք ընկած հերոսներին» եռանկարը և «Հաղթանակը»՝ կատարված յուղաներկով կտավի վրա, 50-ականների երկրորդ կեսին, տեղադրում են Չարենցի անվ․ դպրոցի նախասրահում, որտեղ էլ անբարենպաստ պայմանների պատճառով ոչնչացվում են երեխաների կողմից (լուսանկարները պահպանված են)։

Նկարչական կրթությունը ստանալուց հետո երիտասարդ նկարիչն սկսում է աշխատել՝ իր առջև դնելով բազմաթիվ ազգային հիմքերով գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակից նկարչության և ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը։

1957 թ․ ընդունվում է Նկարիչների միություն, սակայն 1959 թ․ հեռացվում «հակասովետական» հայացքների պատճառով, 25 տարի անց՝ 1984 թ․ վերականգնվում (արդեն արվեստագետների սեկցիայում)։

1966 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 2001 թ․ ճարտարապետության դոկտոր (թեմա՝ «Գույնը հայ ճարտարապետության մեջ IV-XIX դարերում»), 2003թ․-ից՝ Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս։

Վան Խաչատուրը 1950-ական թթ․ առաջին աբստրակցիոնիստն էր և ավանգարդիստը հայ արվեստում:

Իսկ 1956-1959 թթ. արված Մատենադարանի շենքում գտնվող հայտնի «Հայ մշակույթի պատմություն» որմնանկարչական եռանկարի՝ Հնագույն շրջան (4․5x2-9մ2), Արտաշեսյան (հելլենիստական) շրջան (4․5x2-9մ2), Միջնադար (7x2-14մ2), Մատենադարանի շքամուտքում գտնվող «Վարդանանք» խճանկարի (1956-1960 թթ.) և 1958թ.՝ Ակադեմիայի նախագահական շենքի շքամուտքում գտնվող Մոնումենտալ սգրաֆիտտո՝ «Մեսրոպ Մաշտոցի» և «Մովսես Խորենացու» (6x8-48մ2 ամեն մեկը) աշխատանքներով նա ճանաչվում է ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրը։

«Մոնումենտալ գեղանկարչությունը ոչ թե իմ ընտրությունն է, այլ իմ էությունը։ Նպատակ ունեի ստեղծելու Հետազոտական ինստիտուտ․ Հայաստանը պեˊտք է ունենա մոնումենտալ նկարչություն։ Այս գաղափարներիս մասին գիտեր Մատենադարանի շենքի հեղինակ ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, որն այդ ժամանակ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեննն էր։ Մի օր նա ինձ կանչեց իր մոտ և առաջարկեց ձևավորել Մատենադարանը՝ ասելով՝ «եթե անես, աշխատանքդ կտեսնեն, ինստիտուտ էլ կստեղծեն»։ Համաձայնեցի։ Որոշեցինք շքամուտքում անել «Վարդանանք» խճանկարը, իսկ աստիճանների պատերին երեք որմնանկար, որոնք կարտացոլեին հայ ժողովրդի մշակույթի պատմությունը։

Խճանկարը հավաքեցի Լենինգրադում, որովհետև խճանկարի համար նախատեսված հայկական քարերը գույնի այն ուժը չունեին, ինչ ես էի ուզում։ Աշխատանքը շատ բարդ էր, քանի որ խճանկարը հավաքում էի գետնին, որը պետք է ամրացվեր պատին, իսկ հորիզոնական և ուղղահայաց դիրքերում լույսը տարբեր է, մինչդեռ յուրաքանչյուր քար պետք էր ճիշտ դիրքով ընտրել, որպեսզի փայլը ճիշտ լիներ ու պատկերը ճիշտ արտացոլվեր։ Այսպես վախը սրտումս ձուլեցի ու կտոր-կտոր բերեցի, շարեցի տեղում ու․․․ ա՜յ քեզ շշմելու բան, ամեն ինչ անթերի էր․․․»։

Վան Խաչատուրը հպարտությամբ էր հիշում Երևան-Սևան խճուղու վրա գտնվող Ճայի (Чайка) երկաթ-բիտոնե կառույցի իր ճարտարապետական լուծման մասին, որով և փաստացիորեն սկսվում է հայկական մոդեռնիզմը՝ խորհրդանշելով ազատ ձևի ճարտարապետության մոդելի ստեղծման սկիզբը։

«1960 թ․ Երևան քաղաքի մուտքը Սևան տանող խճուղու եզրին նշանավորող կառույց նախագծելու պատվեր էր ստացել Երևան նախագիծ ինստիտուտի ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանը։ Հրավիրեց ինձ դիտելու իր էսքիզային նախագիծը՝ բետոնե կամարը։ Ասացի, որ նմանն արդեն կառուցել են Թբիլիսիում։ Նյարդայնացած ինձ դիմեց՝ դե նստիր ու ինքդ ավելի լավ բան նախագծիր։ Նկարեցի թռչունը։ Մի քանի օր հետո հանդիպեցինք։ Նա հայտնեց, որ քաղաքի գլխավոր ճարտարապետը հաստատել է՝ ասելով՝ այս «չայկան» էլ կկառուցեք։

Պետք է ասել, որ շատերը թերահավատորեն պնդում էին, որ այն կանգուն չի մնա, կքանդվի, մինչդեռ մինչ օրս կանգուն է։ Գաղտնիքը նրանում է, որ այն կշեռքի սկզբունքով է արված՝ երկու թևերի ծանրությունը նույնն է՝ մեկը երկար, բարակ է, մյուսը՝ կարճ և հաստ»:

1960 թ․ Երրորդ մասի Փակ շուկայի ներսում քանդակում է 2 քանդակ՝ 3․3 մ բարձրության և 17 ալյումինե բարձրաքանդակ՝ շուկայի ճակատին։

«Ցավոք մենք չունենք հայկական ճարտարապետության տեսություն։ Դա դեռ ի՞նչ է՝ հայկական մշակույթի պատմություն չկա։ Հարյուր գիրք հրատարակեցին, բայց ոչ մեկի մեջ չգրեցին, որ ճարտարապետության մեջ հենց ազգայինն է սահմանում գեղեցկությունը։ Փակ շուկան քանդեցին հենց այն պատճառով, որ ոչ ոք հստակ սահմանում չտվեց։ Իսկ այն 20-րդ դարի հայկական ճարտարապետության գլուխգործոցներից էր։ Հենց այդպես։ Ո՞րն է մեր եկեղեցիների առանձնահատկությունը․ դրսից ժայռերի են նման՝ հիմնավոր, հողին ամուր կառչած, իսկ ներսում՝ անսպասելի, աստվածային թափ։ Դրանք հանճարեղ կերպով իրենց մեջ են միավորում մարդկային էության գլխավոր բաղադրիչները՝ նյութականն ու հոգևորը։ Նույն սկզբունքով էր կառուցված նաև Փակ շուկան։ Այն ցույց էր տալիս ճանապարհը, որով պետք է առաջ քայլեինք, իսկ մենք վերցրեցինք ու քանդեցինք այն»։

1962 թ․ աջակցում է նկարիչ Ջոտտոյին (Գևորգ Գրիգորյան) Թիֆլիսից տեղափոխվել Երևան և ստեղծում է Ջոտտոյի թանգարանը՝ ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի աշխատակիցների օգնությամբ։

«Երազանքս էր բոլոր հայ արվեստագետներին տեսնել Հայաստանում։ Գիտեի, որ Գևորգն ուզում է տեղափոխվել Հայաստան, բայց դրա համար բավարար միջոցներ չունի։ Օգնեցի նրան։ Տեղափոխվեց։ Վարձակալեցի Մաշտոցի պողոտայում գտնվող մի բնակարան՝ վճարելով 1300 ռուբլի (բնակարանի մեկ տարվա վարձն էր), որը Գևորգի համար կծառայեր որպես բնակարան և արվեստանոց։ Ավելի ուշ (1977 թ․) այդ բնակարանը, որպես Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան, պետական կարգավիճակ ստացավ»։

Ի դեպ, Վան Խաչատուրն իր ավանդն ուներ նաև Մինասի՝ Հայաստան գալու հարցում։

Ճարտարապետության ասպարեզում Վան Խաչատուրի աշխատանքը բնավ չի սահմանափակվում ճարտարապետական նախագծերով։ Նրա ճարտարապետական գործունեության մեջ ամենազարմանալին ապագայի ճարտարապետությունն է, նրա նոր քաղաքաշինական գաղափարները, որոնք կյանքի կոչելու համար ուներ բոլոր հիմքերը։

1962 թ․ ստեղծած ապագայի քաղաքների իր նախագծերի համար Վան Խաչատուրը 1985 թ․ Մոսկվայից ստանում է թիվ 1178889 հեղինակային արտոնագիրը, որը գրանցված է ԽՍՀՄ գյուտարարների պետական

մատյանում (1985 թ․ օգոստոսի 15-ին)։ Նրա ապագայի քաղաքները, որ նպաստում են լուծելու համաշխարհային բնապահպանական ճգնաժամի խնդիրները, բազմահարկ արտասովոր շինություններ են, որոնք կառուցվում են օդի մեջ։ Նա ստեղծում է բարդ տեղանքում բնակելի համալիրների կառուցման երեք նոր սկզբունք, որոնցից առաջին երկուսը նորություն են ճարտարապետության մեջ, իսկ երրորդը ՝ աշխարհում հայտնի սանդղահարթային սկզբունքը, նրա մոտ ձևափոխված է կենսագործունեության ֆունկցիայի բարելավման համար։

1964 թ․ ստեղծում է 1915 թ․ Եղեռնի զոհերի հուշարձան Նոր Խարբերդում, որը նախադեպ է դառնում Ծիծեռնակաբերդում վեր խոյացող «Հայոց Եղեռնի» հուշահամալիրին։

«1965 թվականն էր։ Մի օր ինձ կանչեց ակադեմիկոս Սամվել Սաֆարյանը, որը ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էր, և ասաց, որ գաղտնի պայմաններում 1915 թ․ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի մրցույթ է հայտարարված․ նա ինձ առաջարկեց իր արվեստանոցի երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի հետ միասին նախագիծ պատրաստել մրցույթին մասնակցելու համար։ «Հայպետնախագծի» գաղտնի բաժնում ինձ տրամադրեցին 1915թ ․ Եղեռնի 15 լուսանկար և զգուշացրեցին՝ ոչ ոքի ցույց չտալ, ծանոթներին ոչինչ չասել»։

Այսպես 1965 թ․ սեպտեմբերի 25-ին Հայպետնախագիծ ինստիտուտի կողմից տրված N 292 հրամանով Վան Խաչատուրը նշանակվում է ճարտարապետական խմբի ղեկավար (պատճենը պահպանված է), մինչդեռ այսօր այդ մասին ոչ ոք չի հիշատակում։

Առաջին տարբերակը, որ ներկայացվում է կառավարությանը, «Գետնափոր խաչն» էր։ Բայց խորհրդային տարիներին խաչն անընդունելի տարբերակ էր, ուստի մերժվում է։ Պատրաստում են երկրորդը, որը և շահում է մրցույթը։

Այս տարբերակը բաղկացած էր երեք հիմնական կոմպոզիցիոն տարրերից՝ հարթաքանդակներով զարդարված գրանիտե երկայնաձիգ (100 մետր) Սգո պատից, կենտրոնում գտնվող 30 մ տրամագծով հավերժության տաճարից՝ դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե մույթերով, և հայ ժողովրդի երկու կեսը խորհրդանշող 40 մ բարձրությամբ հուշասյունից։

Ի դեպ, ամենադժվարը հուշարձանի տեղանքի ճիշտ ընտրությունն էր, ինչին Վան Խաչատուրը երկար փնտրտուքից հետո լավագույն լուծումն է տալիս։

«Աշխատանքներին հետևում էր Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը։ Աշխատանքները շատ դանդաղ էին առաջ գնում, իսկ երբ գործը հասավ Սգո պատին, որոշ ժամանակ աշխատանքները նույնիսկ դադարեցվեցին։ Քոչինյանը պահանջում էր վերածնունդ խորհրդանշող քանդակներ անել, ես ուզում էի եղեռնի պատկերներ քանդակել․ արդեն այնքան զիջումներ էինք արել, որ այլևս տեղ չկար։ Եվ հետո նման քանդակներ անելու դեպքում կփոխվեր հուշահամալիրի կարգավիճակը՝ դառնալով Վերածննդի հուշարձան: Քոչինյանը պնդում էր, թե․ «Դու պատմականորեն չես նայում երևույթներին․․․Հիմա մենք վերածնունդ ենք ապրում, վերածնունդ պետք է ցույց տանք։ Կարող ես սկզբից մի երկու պատկերով Եղեռնը ցույց տալ, որ այդպիսի բան է եղել, հետո արդեն՝ վերածնունդը․․․Լենինի դրոշակ․․․ Բյուրականի աստղադիտարան ․․․Կենտկոմի շենք․․․և այլն, և այլն։ Մի օր էլ անվերջ քննարկումներից հոգնած՝ Քոչինյանի ձեռքից մատիտը խլեցի և ինչ մտածում էի, առանց այլևայլության, ասացի երեսին։ Մեկ էլ տեսնեմ՝ բոլորը սփրթնած ինձ են նայում, թե սա ցնդած է, այս ո՞նց է խոսում «թագավորի հետ»։ Փոխեցի տակտիկաս՝ ասելով մյուս անգամ «Վերածնունդ» կբերեմ, բայց էլի իմ ասածն էի բերում։ Անվերջ տարբերակներ էի առաջարկում․ ես էլ էի հոգնել, ինքն էլ»:

Հուշահամալիրի բացումը կայանում է 1967 թ․ նոյեմբերին՝ առանց Սգո պատի քանդակների, որը պետք է կյանքի կոչվեր Վան Խաչատուրի քանդակները կառավարության կողմից ընդունելուց հետո, ինչը անընդհատ, արհեստածին պատճառներով ձգձգվելուց հետո Քոչինյանի կողմից հաստատվում է միայն 1970 թ։

«Սկսեցի աշխատել նոր տարբերակի վրա։ Որոշեցի սուժետային պատկեր չանել, այսինքն՝ պատկերային շարքով ցույց չտալ, թե ինչպես է եղել, հիմա ինչպես է և հետո ինչքան լավ է լինելու։ Այլ մի պատկերը՝ «մայր և երեխա», կրկնել 111 անգամ։ Որոշել էի Ռավելի «Բոլերոն» իրագործել քանդակագործության մեջ։ Մանկան վրա խոնարհված մորը պետք է քանդակեին նեգատիվ, այսինքն՝ քարի վրա փորված, կարծես մարդու ստվերն է մնացել, ինքը չկա, իսկ երեխային, որպես կենդանի ժողովրդի խորհրդանիշ՝ պոզիտիվ։ Մոր ձեռքերը նույնպես պետք է ռեալիստական անեի։ Դա էլ խորհրդանշում էր, որ անցածների հոգիները հովանավորում են մեզ։ Այսպիսի լուծումներով քանդակ աշխարհում գոյություն չունի, սա նորություն էր։

1971 թ․ կավից պատրաստեցի «Մոր և մանկան» քանդակային մոդել (3․60x0․90մ) և գիպսից ձուլեցի 3 օրինակ, որը երկու վարպետներ սկսեցին քանդակել Սգո պատի վրա։ Սակայն մի քանի օր անց Մոսկվայից ժամանած Կենտկոմի ներկայացուցիչը (Պ․ Անիսիմով) կանգնեցրեց աշխատանքները՝ ասելով՝ «Բավական է լաց լինեք, դուք՝ հայերդ, պետք է մտածեք միայն վերածննդի մասին․․․»։ Աշխատանքներն ընդհատվեցին, արգելվեցին, իսկ 2003 թ․ արդեն արված քանդակները հորատիչներով վերացրին․ եթե մոտենաք 8-րդ և 13-րդ քարերին, կտեսնեք այդ կիսատ քանդակները։ Այսօր հուշահամալիրի հեղինակների ցուցակում անունս անգամ չեն ուզում հիշատակել։ Ավելին, Եղեռնի հուշարձանը եղավ իմ վերջին՝ 28-րդ իրագործված աշխատանքը։ Դրանից հետո սկսվեցին անմարդկային հալածանքներ․․․»։

Ի՜նչ է ստացվում՝ Վան Խաչատուրի այս պայքարը՝ չաղավաղելու հուշարձանը, շատ թանկ է արժենում․ սկսվում են հալածանքներ, քննադատություն, մերժում:

Անկախ անհատականության, ստեղծագործական ինքնատիպ մտքի պատճառով Վան Խաչատուրի գործերից շատերը պարզապես ոչնչացվել են։ Որպես օրինակ կարելի է բերել առյուծների վրա կանգնած Արգիշտի թագավորի գիպսե արձանը (1․2 մ բարձրությամբ), որը Վան Խաչատուրը ներկայացրել էր Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրված հուշարձանի մրցույթին։

Մրցույթից հետո արձանը Ճարտարապետների միության շենքից պարզապես անհետանում է (լուսանկարները պահպանվել են)։ Նման օրինակներ շատ են Վան Խաչատուրի կյանքում։

«Աշխատանքներս լավ էլ գովում են, բայց անունս տալ չեն ուզում կամ էլ հեղինակությունն ուրիշների են վերագրում։ Երևի տեղը տեղին վրդովել եմ նրանց։ Երբ երիտասարդ էի, բոլորը ստալիններ էին․ ամեն մեկին պիտի ենթարկվեի, իսկ ինձ համար չկան հեղինակություններ, որոնցից կերկյուղեի։ Եվ հետո Խորհրդային ժամանակաշրջանում եթե քո գլուխը մյուսներից բարձր էր, այն կտրում էին․․․»։

1964-1970 թթ Գյումրու Դրամատիկական թատրոնի համար նա պատրաստում է 44 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ Հայ թատրոնի 2000-ամյակին նվիրված 88 կտորից բաղկացած պղնձյա հարթաքանդակ, որը տեղադրվում է միայն 1978 թ․, իսկ 1984 թ․՝ անհետանում։ Ավելի ուշ 82 կտորը հայտնաբերվում է թատրոնի տանիքում։ Այսօր միայն 9 կտոր է ցուցադրվում թատրոնի շենքում։

Հայկական ճարտարապետության մեջ Վան Խաչատուրը ստեղծում է գունավոր շինանյութերի օգտագործման դպրոցը (Անի հյուրանոցի կողքի մոնումենտալ պատ-նկարը (1965 թ․)՝ կառուցված սև ու սպիտակ տուֆից, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ճակատը (1970-1971թթ․), Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրի մոնումենտալ հարթաքանդակ-պատը(1967 թ․)՝ Խորհրդային միության տարիներին կարողանալով քաղաքի ճարտարապետություն ներմուծել աբստրակտ մոնումենտալ պատկերներ։

1967 թ․ այն ժամանակ քաղաքում հայտնի «Վահագն» սրճարանի համար պատրաստում է «Վահագնի ծնունդը» պղնձյա հարթաքանդակ-դրվագումը (5x2 մ), որը ոչնչացվում է 1994 թ (ժամանակակից շրջանում այն առաջինն էր իր տեսակի մեջ)։

2000թ․ հարթաքանդակի մի մասը՝ Վահագնը, հայտնաբերվում է Եղվարդում՝ սրճարանի սեփականատիրոջ ամառանոցում։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Վան Խաչատուրը ստեղծել է 3000-ից ավելի նկարների, քանդակների, տարածական գեղանկարչության, գրաֆիկական աշխատանքների 5 շարք՝ «Սարսափելի աշխարհ», «Նախնիների աշխարհ», «Տիեզերական սիմֆոնիա», «Երկրաչափական աշխարհ», «Ապոկալիպսիս․ 20-րդ դար»։

«Ապոկալիպսիս» շարքում ես ուզում էի ցույց տալ, որ մարդկությունը սխալ է ապրում, և դա կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Ովքե՞ր են աշխարհի տերերը․ աշխարհը գնում է դեպի կործանում, իսկ մենք կանգնած ենք անխուսափելի ապոկալիպսիսի սպասումով․ ոչինչ չենք կարող անել, և հետն էլ՝ անամոթաբար մեզ խելացի ենք երևակայում։ Ծիծաղելի է։ Ահա, թե ինչու եմ ես նկարել այս ռոբոտներին, որոնք կարող են կործանել աշխարհը»։

Վան Խաչատուրը հեղինակ է ավելի քան 700 գրաֆիկական աշխատանքների։ Նա ճարտարապետության, կերպարվեստի, մշակութաբանության ամենատարբեր հարցերի վերաբերյալ 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա կյանքի օրոք հրատարակվել են՝ «ՈՒրարտնե՞ր, թե՞ ուրարտացիներ․ ովքե՞ր են նրանք» գիրքը, «Գույնը հայ ճարտարապետության մեջ IV-XIX դարերում» գիրք-ալբոմը (300 գունավոր նկար), որը 2009 թ․ Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխությանը Արվեստի գիրք անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակին, «Մովսես Խորենացի՝ Հայոց պատմություն» գիրք ալբոմը (30 գունավոր նկար)։

Այս աշխատանքը 2016 թ․ Բիշքեկում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթում արժանացել է «Գրան-պրի» մրցանակին, որն առաջին Գրան-պրի մրցանակն է ՀՀ-ում:

«Մովսես Խորենացու Հայոց Պատմություն» ալբոմը մոնումենտալ աշխատանք է և նկարներով կարելի է կարդալ Մովսես Խորենացու ամբողջ պատմությունը (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն»՝ 25 նկար, Հայոց պատմություն՝ 5 նկար)։

«Ազգային զենքի հաղթանակների մասին ընդունված չէ հիշել կամ «հարմար» չէ հիշել հայոց միջավայրում։ Մինչդեռ հայ ժողովուրդն ունեցել է փառահեղ հաղթանակներ, ընդհուպ այն, որ, ինչպես վկայում են հռոմեական պատմիչներ Եվտրոպիոսը և Սվետոնիոսը՝ Ք․հ․ 62 թ․ Հայաստան ներխուժած հռոմեացի զորավար Ցեզենիոս Պետոսի զորքը Հռանդեայի մոտ ջախջախվելուց հետո «անցել է հայոց թրի տակով» և լքել Հայաստանը նվաստացուցիչ պայմաններով։ Շատ քչերին է հայտնի այն փաստը, որ Սեպտիմիոս Սևերոսի օրոք (մ․թ․ II դարի վերջը և III դարի սկիզբը) Հռոմը տուրք է վճարել Վաղարշ արքային»։

Վան Խաչատուրը բանաստեղծություններ է գրել 70-ական թթ․՝ երկու-երեք ամիս (մինչ այդ և դրանից հետո այլևս բանաստեղծություններ չի գրել)։ Գրքում զետեղված է 100 բանաստեղծություն․ քառասունը՝ «Հայտնություն» և վաթսունը՝ «Քնարական» բաժիններում։ Բանաստեղծությունների մի մասը գրված է հայերեն, մի մասը՝ ռուսերեն։ Գրքի հրատարակման առիթով հեղինակը ռուսերեն բանաստեղծությունները փոխադրել է հայերեն, հայերենները՝ ռուսերեն։

Իսկ «Հայկական ժայռապատկերները» (50 նկար) պատկերազարդ ալբոմը և «Հայկական կերպարվեստի պատմություն» երկհատորյակը, որը ներառում է Ք․ ա․ 12-րդ հազարամյակից մինչև մեր օրերը (1-ին հատոր՝ տեքստ՝ 300 էջ, 2-րդ հատոր՝ ալբոմ 500 լուսանկար) վաղուց պատրաստ են հրատարակվելուն և սպասում են իրենց ժամին։

«Ազգայինից դուրս գեղեցկության հասկացություն գոյություն չունի։ Մենք՝ հայերս, միշտ խորհրդանիշերով ենք մտածել։ Նայեք։ Ռուսական ավանդույթով՝ զոհված զինվորի արձանը լաց լինող մայրն է, հերոսի արձանը՝ անպայման ավտոմատով։ Մենք երբեք լաց լինող մոր քանդակ չենք արել։ Ամեն առիթով մենք խաչքար ենք դրել։ Մենք խորհրդանիշ ենք դնում, ընդ որում՝ միայն մեկը՝ և կյանքի, և մահվան, և եկեղեցի կառուցելիս, և կաթողիկոսի գերեզմանի վրա։ Ով է ասել, թե սյուրռեալիզմը Եվրոպայում են հնարել․ նայեք մեր ժայռապատկերները։ Մենք երբեք ուշադրություն չենք դարձրել այն բանի վրա, ինչը ժամանակավոր բնույթ ունի։ Հայերը ժամանակավորը դարձնում են անժամանակ, հավերժական, գեղարվեստական։ Այս ամենի մասին ես գրել եմ «Հայկական կերպարվեստի պատմությունը» գրքում»։

Գրքի ձևավորման բնագավառում նա քիչ է աշխատել, բայց ուշագրավ է, որ 50-ական թթ․ լույս տեսած Րաֆֆու «Խենթը» վեպի նրա ձևավորումը հրատարակիչների համար ցայսօր մնում է կերպարների և հեղինակի մտահղացման խորին ըմբռնման մի հազվագյուտ նմուշ։

1954-2003 թթ․ Հայաստանում և արտերկրում ունեցել է 30-ից ավելի անհատական ցուցահանդես։

1991 թ․ Վան Խաչատուրն իր ստեղծագործական ժառանգությունից 2600 աշխատանք՝ գեղանկարչական կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչության նմուշներ, գրաֆիկական գործեր, իրավաբանորեն ձևակերպում է որպես նվեր հայ ժողովրդին՝ պայմանով, որ ստեղծվի հայ ժամանակակից մոնումենտալ նկարչության հիմնադրի թանգարան՝ այդ գործերի ցուցադրման և պահպանման համար։

Չտեսնելով ոչ մի գործնական քայլ՝ Եզնիկ Կողբացի 42 հասցեում ձեռք բերված 200 քառակուսի մետր տարածքում իր համեստ միջոցներով ստեղծում է մասնավոր թանգարան՝ ցուցադրելով իր ստեղծագործական ժառանգությունը։

«Հույս ունեմ՝ թանգարանին կտրվի պետական կարգավիճակ․ ես չեմ կարողանում ջեռուցել այն, այդքան գումար չունեմ, արդյունքում ցրտից նկարները վնասվում են։ Աշխատավարձս 48 000 դրամ է (ակադեմիկո՜ս եմ), թոշակս՝ 50 000 դրամ, ավելի

բարձր է․․․»։

Ավա՜ղ, 2019 թ․ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում անհատնում էներգիայով և մշտական որոնումներով լեցուն այս տաղանդաշատ արվեստագետը հեռանում է կյանքից՝ այդպես էլ չարժանանալով այն գնահատանքին, որին իսկապես արժանի էր։

«Ափսոս, որ կյանքս ապրեցի բարբարոսական ժամանակաշրջանում, բարբարոսների մեջ։ Սակայն ժամանակի մեջ ես եմ նրանց դատավորը, և ոչ թե իրենք՝ իմը»։

Կտակով վերահաստատում է իր նվիրատվությունը՝ պայմանով, որ իր մահից (կտակը բացելուց հետո, որը լրանում է այս տարվա դեկտեմբերի 7-ին) հետո 5 տարվա ընթացքում կստեղծվի հայ ժամանակակից մոնումենտալ նկարչության հիմնադրի թանգարան, հակառակ դեպքում ողջ ժառանգությունը կանցնի կնոջը և որդուն․․․

Վան Խաչատուրի անունը չի հնչում բարձր ամբիոններից, բայց նա պատկանում է այն մեծերի շարքին, որոնց ներկայությունը աննկատ է միայն առաջին հայացքից, քանզի նրա յուրաքանչյուր աշխատանք, գաղափարից ծնված գիծ նրա լռակյաց ներկայությունն են ապագայում։ Նա միաժամանակ քար ու հոգի էր տեսնում, ձև ու խորհուրդ էր փնտրում՝ ազգային գոյության, հիշողության և գեղեցկության սահմաններում։ Եվ կասկած չկա՝ նրա արվեստն ապրելու է ժամանակներից անդին։

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Top of Form

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

½â€šÃ¥ “姘炬嫹/partners">ԳործընկերներՀետադարձ կապ